Հայ Եկեղեցին միանում է "Foursquare"-ին

Հայ Եկեղեցին միանում է "Foursquare"-ին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ինտերնետային գրասենյակը ապահովում է Հայ Եկեղեցու մասնակցությունը "Foursquare" սոցիալական կայքին: https://foursquare.com-ը բջջային հեռախոսների համար նախատեսված ծրագրաշար է, որը օգտատերերին խրախուսում է այցելել տարբեր քաղաքներ եւ վայրեր: Foursquare-ի օգտատերերը կուտակում են միավորներ, "հաղթում են քաղաքապետերին" եւ շահում են նոր վայրեր այցելելու եւ հին ու սիրելի վայրերը կրկին "տեսնելու" քարտեր: Foursquare-ը մեկնարկել է 2009թ. մարտին եւ ունի ավելի քան 10 միլիոն օգտատերեր ամբողջ աշխարհում:

Բջջային հեռախոսների օգնությամբ մուտք գործելով ինտերնետ` Foursquare-ի անդամները հնարավորություն կունենան տեղեկություններ ստանալ Հայաստանի գլխավոր եկեղեցիների եւ դրանց գտնվելու վայրի մասին: Ամեն անգամ այցելելով տվյալ վայրը` անդամները կարող են գրանցել իրենց այցելությունը: Ցանկացած վայր ունի իր «առաջատարը», որը ներկայացնում է այն անձը, ով ավելի շատ է այցելություններ է ունեցել վերջին 60 օրերի ընթացքում:

Հայ Եկեղեցին առաջինն է ստեղծում ազգային այսպիսի ծրագիր «Foursquare»-ում: Այն կընդլայնվի` ընդգրկելով Հայաստանի բոլոր եկեղեցիները:

«Մենք հույս ունենք զարգացնել տուրիզմ` ուղղված դեպի մեր եկեղեցիները: Բջջային հեռախոսների միջոցով այցելուները կունենան յուրաքանչյուր վայրի հակիրճ նկարագրությունը, ինչը, հավանաբար, մինչ այժմ նրանց հասանելի չէր»,- ասում է ինտերնետային գրասենյակի տնօրեն Փոլա Դեւեջյանը:

Նախագիծը ստեղծվել է 2 կամավոր աշխատակիցների աջակցությամբ, ովքեր կհավաքեն անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: Լիանա Գրիգորյանցը եւ Զաքարի Ասդուրյանը Հայաստան են այցելել Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արեւմտյան թեմի «Քրիստոնեական երիտասարդական առաքելություն առ Հայաստան» (ՔԵԱՀ) ծրագրի միջոցով եւ ճանապարհորդության ընթացքում իրենց կամավոր աջակցությունն են բերում Մայր Աթոռին: Նախագծի տեխնիկական խորհրդատուն Մեթյու սարկավագ Աշն է, որը նույնպես Հյուսիսային Ամերիկայից է: GPS կոորդինատները եւ նկարագրությունները հիմնականում տրամադրում են www.Armeniapedia.org կայքի հեղինակները:

Հավատացյալները կարող են իրենց օգնությունը բերել` տրամադրելով տեղեկություններ: Այցելելով Հայաստանում գտնվող որեւէ եկեղեցի, որը դեռեւս նշված չէ ցուցակում, նրանք կարող են բջջային հեռախոսի օգնությամբ ստանալ համընդհանուր նավիգացիոն համակարգի (GPS) տեղակայումը եւ հաստատել եկեղեցու անունը, թեմը, քաղաքը եւ ՀՆՀ կոորդինատները ինտերնետային գրասենյակում: Եթե եկեղեցու տվյալները արդեն կան, անհրաժեշտության դեպքում կարող են վերաստուգել կոորդինատները եւ նորից գրել: Խնդրում ենք ուղարկել ձեր տեղեկությունները [email protected] հասցեով: